ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հաստատված է «Մխիթար Սեբաստացի»

կրթահամալիրի կառավարման խորհրդի

2018թ. սեպտեմբերի 26-ի նիստում

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կրթահամալիր) մարզադպրոց ուսումնական կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:

2. Կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ Ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):

3. Կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

4. Կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:

5. Կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

6. Կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կրթահամալիրի և կենտրոնի կանոնադրություններով:

7. Կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:

8. Կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ, որը գործում է որպես Կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։

9. Կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, (այդ թվում՝ օտարերկրյա) և կազմակերպությունների հետ:

II. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ

10. Կենտրոնի գործունեության առարկան հանրակրթական, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) հեղինակային կրթական ծրագրերի իրականացումն է:

11. Ուսումնական կենտրոնի գործունեության նպատակներն են`

· կրթահամալիրի դպրոցների, քոլեջի ուսումնական պլաններով որոշված ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասընթացների կազմակերպումը.

· սովորողների և ուսուցիչների ուսումնական-մարզական հավաքների, աշխատանքների կազմակերպումը

· սովորողների և մեծահասակների լրացուցիչ կրթության կազմակերպումը.

· մրցումների, մրցաշարերի կազմակերպումը։

12. Ուսումնական կենտրոնի խնդիրներն են.

· ֆիզիկական կուլտուրա և անվտանգ կենսագործունեություն բնագավառի դասընթացների հեղինակային ծրագրերի մշակումը և կազմակերպումը.

· տարբեր մարզաձևերի լրացուցիչ կրթության կազմակերպում։

III. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

13. Կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար կնտրոնն ունի մարզադաշտեր, մարզասրահներ, լողավազան՝ մայիս-հոկտեմբեր ամիսների նաև բացօթյա:

14. Հանրակրթական դասընթացները կազմակերպվում են ըստ կրթահամալիրի դպրոցների դասացուցակների: Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է ըստ քոլեջի դասացուցակի:

15. Կենտրոնի դասավանդողները կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն են:

16. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է ուսումնառության պայմանագրի համաձայն:

IV. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

17. Կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է Ղեկավարը:

18. Կենտրոնի ղեկավարը`

· կազմակերպում և ղեկավարում է կենտրոնի ընթացիկ գործունեությունը.

· Խորհրդի հաստատմանն է ներկայացնում կենտրոնի զարգացման ծրագիրը.

· համակարգում է կենտրոնի կազմում գործող մարզական ակումբների աշխատանքը.

· վերահսկողություն է իրականացնում կենտրոնի ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.

· հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.

· սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.

· օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

· կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.

· կատարում է Տնօրենի հանձնարարություններ։

19. Ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:

V. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

20. Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:

21. Կենտրոնի ղեկավարը պատասխանատու է կենտրոնին հանձնված տարածքի, գույքի, սարքերի պահպանման և խնամքի համար:

22. Կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, լրացուցիչ կրթության վարձավճարներից, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:

23. Կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը:

Advertisements